Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից


  • Եվրոպական միության պատվիրակության վեբ կայք

  • Կայքում տեղ գտած նյութերը, արտահայտված կարծիքներն ու մտքերը հեղինակներինն են և չեն կարող համարվել իբրև Եվրոպական միության տեսակետ:
Օգտակար հղումներ

«ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԶԵՆՔ Է»

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» օրաթերթ
19-10-2007

Քսան տարի անց

Քսան տարի է անցել 1988 թվականի փետրվարի այն եղերական օրերից, երբ Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ցեղասպանություն իրականացվեց հայ բնակչության նկատմամբ։ Արդեն քսան տարի փետրվարի 28—ը դառնում է Սումգայիթում գազանաբար սպանված մեր հայրենակիցների հիշատակի խնկարկման օր։ Ծաղկեպսակներ դնելով Ծիծեռնակաբերդի բարձունքում, 1915 թվականի հայոց մեծ եղեռնի հուշարձանի հարեւանությամբ հառնած Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակի խաչքարին՝ այստեղ այցելող յուրաքանչյուր հայ ակնկալում է արդար դատաստան ոճրագործների համար։

Երեկ եւս մարդկանց մի հոծ բազմություն Ծիծեռնակաբերդում էր։ Եվս մեկ անգամ դատապարտվեցին պատմությունը կեղծելու՝ ադրբեջանցիների ջանքերը ՀՀ վարչապետի խորհրդական Վլադիմիր Մովսիսյանի, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արտաշես Շահբազյանի, գրող, հրապարակախոս Զորի Բալայանի կողմից։ Նշվեց, որ եղեռնագործությունից երկու տասնամյակ անց էլ այն միջազգային հանրության եւ միջազգային կազմակերպությունների կողմից չի ստացել իր արժանի գնահատականը։

«Մենք բախվում ենք դարձյալ այն երեւույթի հետ, երբ գործում են երկակի ստանդարտներ եւ, դժբախտաբար, այդ ստանդարտները գործում են ի վնաս մեզ,–ասաց Ա. Շահբազյանը։–Մենք պետք է ոչ միայն հիշենք եւ պարզապես գանք այստեղ՝ խոսելու, այլ ամենօրյա աշխատանք տանենք, որպեսզի կարողանանք մեր խնդիրներին ճիշտ լուծում տալ, որպեսզի այս ամենի հանրագումարում ճշմարիտ լուծում գտնենք Ղարաբաղի հիմնահարցի եւ այլ խնդիրների համար»։
Սումգայիթում, ապա նաեւ Ադրբեջանի հայաշատ այլ բնակավայրերում (Կիրովաբադ, Բաքու) սկսված վայրագությունների հետեւանքով փախստական դարձան հարյուր հազարավոր հայեր։ 360 հազար փախստական ապաստան գտան Հայաստանում։ Շատերիս հիշողության մեջ դեռ թարմ է ծննդավայր, տուն, ունեցվածք կորցրած, ինտերնացիոնալ բարեկամության մասին խորհրդային կեղծ կարգախոսներից խաբված ու հիասթափված մեր հայրենակիցների բռնագաղթը։
Իր խոսքում ՀՀ կառավարությանը կից միգրացիայի եւ փախստականների վարչության պետ Գագիկ Եգանյանը խոստովանեց, որ թեեւ շատ ջանքեր են գործադրվել փախստական դարձած մեր հայրենակիցներին հնարավորինս օգնելու նպատակով, սակայն «շատ—շատերը հայտնվեցին իրենց խնդիրը, իրենց ճակատագիրը իրենց ձեռքերով, իրենց միջոցներով լուծելու հրամայականի առջեւ»։

«Այսօր կառավարությունը դեմքով շրջվել է դեպի փախստականների խնդիրը,–ասաց Գ. Եգանյանը։–Այսօր ծրագրեր են իրականացվում, որոնց նպատակն է ապահովել փախստականներին մշտական կացարանով։ Այդ ծրագրերն արդեն ավարտվել են հանրապետության տասը մարզերում եւ սկսվել Երեւան քաղաքում։ Ամեն տարի պետական բյուջեում այդ նպատակով համապատասխան միջոցներ են հատկացվում, եւ հեռու չէ այն օրը, երբ բոլոր փախստականներն ապահովված կլինեն մշտական կացարանով, եւ մոռացության կմատնվի փախստական տերմինը»։

ՀՀ ԱԺ պատգամավոր Սպարտակ Մելիքյանը բարձրացրեց գարդմանահայության՝ իր նախնիների շիրիմներին այցելելու խնդիրը։ Խոսելով այդ մասին՝ նա հույս հայտնեց, որ Խորհրդային Միության իրավահաջորդը հանդիսացող Ռուսաստանի Դաշնությունը, որը մինչեւ օրս Սումգայիթում կատարված ոճրագործության քաղաքական գնահատականը չի տվել, ի վերջո կկատարի այդ քայլը։

Գրող, հրապարակախոս Զորի Բալայանը, ով 20 տարի անընդմեջ փետրվարի 28—ին եղել է այս խաչքարի կողքին, համոզված է, որ հիշողությունը մեզ համար, ամեն ինչից բացի, զենք է։ Բայց չի կարելի բավարարվել միայն հիշողությամբ, այլ պարբերաբար պետք է նաեւ հիշեցնել աշխարհին, որ մենք չենք լռելու, քանի դեռ չենք հասել խնդրի արդարացի լուծմանը։ Այդ հիշեցումը կատարվում է միջազգային տարբեր ատյաններին ուղղված նամակների տեսքով։ Դա շատ կարեւոր է հասարակական կարծիքի ձեւավորման առումով։ Զորի Բալայանը հրապարակեց Սումգայիթի զոհերի հիշատակի 20—ամյակի առիթով կայացած միտինգի մասնակիցների անունից ընդունված հռչակագրի նախագծի տեքստը։ Շարադրելով հայ—ադրբեջանական հակամարտություն ծնող պատճառները, նշելով ինչպես ադրբեջանցիների կողմից իրականացված վայրագություններն այդ պետության տարածքում բնակվող մեր հայրենակիցների նկատմամբ, այնպես էլ հետո՝ Բուդապեշտում, հայ սպայի սպանության փաստը, միտինգի մասնակիցները եզրակացնում են.

«Այսպիսի ռազմատենչ իրավիճակում, երբ մի ամբողջ ժողովրդի հանդեպ իսկապես անասնական ատելությունը հասել է գագաթնակետին, երբ ԽՍՀՄ փլուզումից հետո դադարեցվեցին Սումգայիթում եւ Բաքվում հայերի ցեղասպանության կազմակերպիչներին եւ կատարողներին վերաբերող բոլոր դատական գործերը, անիմաստ եւ անբարոյական է դառնում բանակցությունների սեղանի շուրջ նստելը։ Մանավանդ որ հազիվ թե նման անբարոյական իրավիճակում հնարավոր է սպասել սթափ երկխոսության եւ, իհարկե, խնդրի խելամիտ լուծման»։

Եվ միայն ոճրագործությունների կազմակերպիչների եւ իրականացնողների արդար դատաստանից հետո բանակցությունների սեղանի շուրջ նստելու հնարավորություն կստեղծվի։

Միտինգի կազմակերպիչները հռչակագիրը հասցեագրել են Ղարաբաղի կարգավորման Մինսկի խմբի ղեկավարներին, ՄԱԿ—ի գլխավոր քարտուղարին, ՄԱԿ—ի անվտանգության խորհրդին, Եվրոպական խորհրդարանին, Եվրախորհրդին, ԵԱՀԿ—ին, Հայաստանի Հանրապետության նախագահին եւ ՀՀ Ազգային ժողովին։

Անուշ ՍԱՄՎԵԼՅԱՆ


 


Նորություններ
Հուլիս 25, 2012
Հուլիս 25, 2012
Հուլիս 20, 2012
Հուլիս 11, 2012