Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից


  • Եվրոպական միության պատվիրակության վեբ կայք

  • Կայքում տեղ գտած նյութերը, արտահայտված կարծիքներն ու մտքերը հեղինակներինն են և չեն կարող համարվել իբրև Եվրոպական միության տեսակետ:
Օգտակար հղումներ

«Միգրանտները իրավունք ունեն իրավունք ունենալու»

«ԱԶԳ» օրաթերթ
17-12-2008

Երազանքի եւ իրականության բախում

Ձեռքին ճամպրուկներ են, հայացքները հառած հակառակ ուղղությունների: Արտագաղթի պատրաստ այս ընտանիքի արձանը դրված է Ավստրալիայում` միգրացիայի թանգարանի առջեւ: Այլ երկրում փայլուն ապագայի ձգտող մարդկանց հաջողությունների եւ հուսահատությունների, ինտեգրման եւ բախումների մասին պատմող ցուցանմուշներն այս թանգարան են բերում զբոսաշրջիկները աշխարհի տարբեր անկյուններից:
Հայաստանի վիճակագրության ծառայությունը 2007 թվականի հոկտեմբերին անցկացրել է ՀՀ արտաքին եւ ներքին միգրացիայի ընտրանքային հետազոտություն` ուսումնասիրելով 2002-2007 թվականների միջակայքը: Հետազոտվել է պատահականորեն ընտրված 2500 տնային տնտեսություն: «Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ հետազոտման ենթակա 2500 տնային տնտեսությունների անդամների 8.5 տոկոսն ընդգրկված է եղել արտաքին միգրացիոն գոծընթացներում: Նրանցից վերադարձել է 2.6 տոկոսը` ավելի քան 86.000 բնակիչ: Վերադարձածների 53 տոկոսն է նշել, որ Հայաստանից մեկնել են աշխատելու նպատակով», ասաց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Տիգրան Բադալյանը երկու ամիս առաջ է վերադարձել Հայաստան: 7 տարի աշխատել է Ռուսաստանի Դաշնությունում: “Հիմնականում շինարարության ոլորտում էի աշխատում: Վերջին երկու-երեք տարիներին Ռուսաստանում խստացվել է աշխատանքի թույլտվություն ձեռք բերելու գործընթացը: Ապրելու իրավունք, աշխատանքի իրավունք, մասնակցություն հատուկ դասընթացների. աշխատելու եւ ապրելու համար բազմաթիվ փաստաթղթեր են անհրաժեշտ: Այս ամենը ձեռք բերելու համար ծախսում ես 20.000-30.000 ռուբլի», ասաց Տիգրանը: Նա պատմեց, որ հաճախ մարդիկ փորձում են շրջանցել օրենքը: Գումար խնայելու նպատակով նրանք աշխատանքի են անցնում առանց համապատասխան թույլտվության: «Պարզապես գրոշներ են վաստակում: Գործատուն, հասկանալով աշխատողի անելանելի վիճակը, օգտագործում է նրան: Այդ մարդիկ ապրում են ներքնահարկերում, վախենում են բռնվելուց: Մի քանի տարի անց տուն են վերադառնում քայքայված առողջությամբ», պատմում է Տիգրանը:
ՌԴ գիտությունների ակադեմիայի սոցիալ-քաղաքական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Ռոման Մանշինի հավաստմամբ, Ռուսաստանն աշխատանքային միգրանտների կարիքն ունի: «Ռուսաստան այսօր ոչ միայն աշխատանքային միգրանտների հոսք է, այլեւ մեծ արտահոսք: Մեկնողների հիմնական մասը երիտասարդներն են: 2007 թվականին միայն փոխանակման ծրագրերով ԱՄՆ է մեկնել 27.000 երիտասարդ, նրանց մեծ մասը Ռուսաստան վերադառնալու ցանկություն չունի: Միայն օրինական հիմունքներով Ռուսաստան տարեկան մուտք է գործում մինչեւ մեկ միլիոն միգրանտ: Թե որքան է անօրինականների թիվը, որեւէ վիճակագրություն չկա», նշեց Ռոման Մանշինը: Նրա հավաստմամբ, գրանցված միգրանտների շրջանում անցկացված հետազոտությունները ցուց են տվել, որ վերջին 2 տարիներին աշխատելու նպատակով Ռուսաստան մեկնողների առաջին շարքում միջինասիական երկրների (Ուզբեկստան, Տաջիկստան) քաղաքացիներն են: Մի քանի տարի առաջ մեծամասնություն էին կազմում Հարավային Կովկասի երկրների բնակիչները:
 Վարուժան Գորգինյանը նախորդ տարի Ռուսաստան էր մեկնել սեզոնային աշխատանքի: Ասաց, որ աշխատանքի ընդունվելիս հարկավոր է զգույշ լինել: «Շատ են եղել դեպքեր, երբ վերջում պարզապես աշխատածդ գումարը քեզ չեն տվել: Առանց աջակցի աշխատելու մեկնելը հավասար է ինքնասպանության: Այս ամենին էլ գումարեք հասարակության վերաբերմունքը: Շատերը չեն ընդունում օտարերկրացիների ներկայությունը: Դեպքեր են եղել, երբ հարձակվել են մեր ընկերների վրա, ծեծել», ասաց Վարուժանը:
«Միգրանտները կատարում են այն աշխատանքը, ինչից տեղի բնակիչը խուսափում է: Ռուսաստանում այսօր վարորդների, շինարարների, բանվորների մեծ պակաս կա: Մետրոյում, կանգառներում հաճախ կարող ես հանդիպել հայտարարությունների, ուր խոստանում են արագ, երբեմն նաեւ անվճար կատարել փաստաթղթերի ձեռքբերման աշխատանքները: Սրանք պարզապես միգրանտներին իրենց ձեռքը գցելու միջոցներ են», ասաց Ռոման Մանշինը:
Մարդու իրավունքների փորձագետ Դիեգո Մարին Ռոմերան, որ աշխատանքային միգրանտների իրավունքների պաշտպանությամբ է զբաղվում Իսպանիայում, ասաց. «Հասարակության բացասական վերաբերմունքն առկա է նաեւ Իսպանիայում: Մենք պայքարում ենք միգրանտների իրավունք ունենալու իրավունքի համար: Արեւմտյան Եվրոպայում իշխում է այն կարծիքը, որ միգրացիան մեծ պրոբլեմ է: Մինչդեռ ՄԱԿ-ի հետազոտությունները ցույց են տալիս, որ առաջիկա 35 տարիներին միգրանտների դերն էական է լինելու Եվրոպայում թոշակառուների սոցիալական ապահովության համակարգը պահպանելու համար: Եվրոպան ծերանում է եւ 50 տարվա ընթացքում աշխատողների պակասն ահագնացող չափերի կհասնի: Եվրոպան նրանց կարիքն ունի, սակայն վախն ու կարծրատիպերը հաղթում են իրականությանը», ասաց Դիեգո Մարին Ռոմերան:
Համաշխարհային ֆինանսական ճգնաժամն իր հետեւանքներով ավելի է խորացնում բացասական վերաբերմունքը միգրանտների հանդեպ:«Միգրանտները խլում են մեր աշխատանքը. սա Եվրոպայում այսօր տարածված մեկ այլ կարծրատիպ է», նշեց իսպանացի փորձագետը:
Իսպանիայում ՀՀ պատվո հյուպատոս Լուիս Սապատերոն «Ազգ»-ին տրված հարցազրույցում (04.12.2008) նշել է, որ ճգնաժամը Եվրոպայում առաջ է բերել գործազրկություն: «Իսպանիայում շինարարությունը կանգ է առել, իսկ դա այն դաշտն է, ուր աշխատում էին հայերը: Գյուղատնտեսության բնագավառում նույնպես առաջացել են դժվարություններ: Եթե առաջ բերքահավաքներին շատ աշխատանք կար, այսօր, հաշվի առնելով արտահանման դժվարությունները, աշխատանքային տեղերը պակասել են: Իմ խորհուրդն է` յուրաքանչյուրը մնա իր երկրում, իր օջախում: Այս պահին զուր է արտոնյալ երկիր փնտրելը», նշել է ՀՀ պատվո հյուպատոսը:
«Արտագաղթի հիմնական պատճառն աղքատությունն է: Աշխարհի բնակչության մեծամասնությունն այսօր աղքատ է: Քանի դեռ աղքատության խնդիրն առկա է, արտագաղթը երբեք չի դադարի: Որքան էլ խստացնեն օրենքները, փակեն սահմանները, միգրանտները կփորձեն իրականացնել իրենց երազանքները», ասաց Դիեգո Մարին Ռոմերան:
Տիգրանը որոշել է Ռուսաստան չվերադառնալ: «Երբեք» բառը, սակայն խուսափում է օգտագործելուց. «Այժմ Հայաստանում աշխատանք ունեմ: Եթե աշխատանքի դժվարություն ունենամ, գուցե կրկին մեկնեմ»:


ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ

 

 

 


Նորություններ
Հուլիս 25, 2012
Հուլիս 25, 2012
Հուլիս 20, 2012
Հուլիս 11, 2012