Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից


  • Եվրոպական միության պատվիրակության վեբ կայք

  • Կայքում տեղ գտած նյութերը, արտահայտված կարծիքներն ու մտքերը հեղինակներինն են և չեն կարող համարվել իբրև Եվրոպական միության տեսակետ:
Օգտակար հղումներ

­«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊԱՍՏԱՆ ՓՆՏՐՈՂՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է»

«Հայոց աշխարհ» օրաթերթ
16.04.2008

«Հայելի» ակումբի երեկվա հյուրը ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիայի գործակալության պետ ԳԱԳԻԿ ԵԳԱՆՅԱՆՆ էր

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միգրացիոն տեղաշարժերի վեկտորի ուղղությունը անընդհատ փոփոխվում է։ Ճիշտ է, Հայաստանի քաղաքացիները հիմնականում նախընտրում են ապաստան ստանալ Եվրոպայում, ինչը ենթադրում է բնակության, աշխատանքի, սոցիալական ապահովության եւ այլ իրավունքներ, սակայն կոնկրետ երկրի ընտրության հարցում, ըստ Գ.Եգանյանի, վիճակագրությունը որոշակի միտումներ է արձանագրում. «90-ականներին նախընտրում էին Լեհաստանն ու Գերմանիան, 2000-ին ուղղությունը փոխվեց դեպի Չեխիա, այնուհետեւ Ավստրիա։ Այժմ հիմնականում ապաստանի հարցով դիմում են Ֆրանսիային։ Հետեւությունն այն է, որ սա տարերային որոշման արդյունք չէ։ Այլ նաեւ չպիտի բացառել, որ այն ուղղորդվում է ինչ-որ մարդկանց կողմից, որոնք փող են աշխատում այդ հոսքի վրա»։

Այդուհանդերձ մեր երկրում վերջին 6-7 տարիների ընթացքում հաջողվել է գրեթե կրկնակի կրճատել ապաստանի հայցով դիմողների թիվը. «Մեծ աշխատանք տարանք մեր քաղաքացիներին բացատրելու համար, թե ինչ է նշանակում ապաստան հայցելը։ Այժմ մարդիկ գիտեն, որ գոյություն ունեն միջազգային խիստ, որոշակի չափանիշներ, որոնց չհամապատասխանելու դեպքում հայցերը մերժվում են, եւ կարող եմ ասել, որ դրանց գերակշիռ մասն է մերժվում»։

Ընդհակառակը մեծացել է քաղաքացիների թիվը, որոնց համար Հայաստանը իրենց պաշտպանության տեսանկյունից նախընտրելի երկիր է. «Այդպիսի միտում կա։ 2000-ից ի վեր ստացել ենք 1380 դիմում, դրանցից միայն 300-ը՝ անցյալ տարի։ Հայցերի գերակշիռ մասը բաժին է ընկնում Իրաքի քաղաքացիներին»։

Միգրացիայի գործակալության պետի ներկայացմամբ, 2002-ին ընդունված օրենքով մեր երկիրը պարտավորվել է ապաստանել ոչ միայն ռասայական, կրոնական, ազգային պատկանելության եւ քաղաքական հայացքների համար սպառնալիքի տակ գտնվող քաղաքացիներին, այլեւ նրանց, որոնց կյանքն ու ազատությունները զինված հակամարտությունների կամ արտաքին ագրեսիայի պատճառով են վտանգված. «Այդ օրենքն ընդունվեց եւ իրաքյան դեպքերից հետո մեզ դիմած իրաքահայերի հարցում դարձավ կիրառելի աշխատանքային գործիք։ Այսինքն՝ գոյություն ունի կոնկրետ ընթացակարգ, սահմանված են ժամկետներ, կան փաստաթղթեր»։

Օրենքը իր կենսունակությունը ապացուցել է նաեւ իսրայելա-լիբանանյան հակամարտության ժամանակ, երբ պատերազմող երկու կողմերի քաղաքացիների համար էլ Հայաստանը ապաստանի համար նախընտրելի երկիր է դիտվել. «Մեզ ապաստանի հայցով դիմած Լիբանանի քաղաքացիների շուրջ 25 տոկոսը արաբներ էին։ Օրենքը ըստ էթնիկական պատկանելության տարբերակում չի դնում, այլ սահմանում է երկիրը լքելու պատճառները, ինչպես նաեւ ապաստանի տրամադրման կարգավիճակները։ Դրանցից մեկը փախստականի կարգավիճակն է, որը ժամանակային սահմանափակում չունի եւ տրվում է այն անձանց, որոնք հալածվում են քաղաքական հայացքների, կրոնական, էթնիկական, սոցիալական այս կամ այն խմբին պատկանելու պատճառով»։

Արդեն մեկուկես տարի է, ինչ «Փախստականների եւ ապաստանի մասին» նոր օրենքի նախագծի վրա աշխատում է հատուկ ստեղծված աշխատանքային խումբ. «Գործող օրենքն ունի 25, իսկ նոր օրինագիծը՝ 70 հոդված։ Սա արդեն ասում է այն մասին, որ նոր օրենքը մեծ փոփոխություններ է մտցնում»։

Գ.Եգանյանը տեղեկացրեց, որ մի քանի օր առաջ կառավարությունը քննության առնելուց հետո օրենքի նախագծին հավանություն է տվել եւ այն շուտով ԱԺ կներկայացվի։ Նշեց նաեւ, որ փախստականի կարգավիճակ ստանալու համար փաստարկները խիստ համոզիչ պիտի լինեն. «Մեր կողմից փախստականի կարգավիճակի հայցերը հիմնականում մերժվել են, բավարարել ենք դրանց մոտավորապես 15-16 տոկոսը։ Շատ են այն դեպքերը, երբ հարցազրույցների արդյունքում, կամ այլ աղբյուրներից ստացած տեղեկատվության շնորհիվ եկել ենք եզրակացության, որ մեզ դիմողների բերած փաստարկները չեն համապատասխանում իրականությանը եւ համոզիչ չեն»։

Մերժված հայցերը դատական կարգով բողոքարկելու հնարավորություն կա, որից շատերն են օգտվում. «Նոր օրենքի նախագծով նմանատիպ հայցերը դատարանում քննվելու են առանց պետական տուրքի վճարման։ Սա տեղ է գտել նախագծում բողոքարկման կարգը հեշտացնելու համար, ինչպես նաեւ հայցը քննող պաշտոնյայի սուբյեկտիվ մոտեցումը բացառելու համար։ Մինչեւ 3-րդ ատյանի դատարան քաղաքացին կարող է դիմել»։

ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ




Նորություններ
Հուլիս 25, 2012
Հուլիս 25, 2012
Հուլիս 20, 2012
Հուլիս 11, 2012