Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից


  • Եվրոպական միության պատվիրակության վեբ կայք

  • Կայքում տեղ գտած նյութերը, արտահայտված կարծիքներն ու մտքերը հեղինակներինն են և չեն կարող համարվել իբրև Եվրոպական միության տեսակետ:
Օգտակար հղումներ

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎՍ ԱՊԱՍՏԱՆ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ»

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»
16-04-2008

2000 թվականից ի վեր մեր իշխանություններին ներկայացվել է 1380 հայտ–դիմում

Ապաստան արտերկրում

2007 թվականին ՄԱԿ—ի փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի վերլուծությունների համաձայն՝ աշխարհի 51 երկրների իշխանություններին է ներկայացվել 338 հազար 300 ապաստանի դիմում–հայտ, որի շարքերում է գտնվում նաեւ Հայաստանը։
Նկատենք նաեւ, որ այս թիվը 2006 թվականի համեմատ, ինչպես վերլուծաբաններն են փաստում, աճել է 10 տոկոսով։
«Օրինակ, մինչեւ 2000 թվականը, նույն աղբյուրի համաձայն, ամբողջ աշխարհում ապաստան հայցողների թիվը կազմել է 650 հազար, սակայն դրանից հետո սկսեց նվազում նկատվել, այնուհետեւ վերջին 4—5 տարիներին նորից սկսել է աճ գրանցվել եւ պատճառը հավանաբար իրաքյան պատերազմը եւ դրանից հետո այդ երկրում տեղի ունեցող իրադարձություններն են»,–ասում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը եւ հավելում, որ գրանցված 10 տոկոս աճի միայն 8 տոկոսը եղել են Իրաքի քաղաքացիների կողմից ներկայացված դիմում–հայտերը. «Անցյալ տարի իրաքցիները այդ 51 երկրների իշխանություններին, այդ թվում նաեւ Հայաստանին ներկայացրել են 45 հազար 200 դիմում, որը 2006 թվականի համեմատ նույնպես աճել է»։
Իսկ, ահա, Հայաստանի քաղաքացիների կողմից, նույնպես նույն աղբյուրի համաձայն, 3925 հայտ է ներկայացվել աշխարհի 51 երկրների իշխանություններին։
«2006 թվականի համեմատ մեր քաղաքացիների կողմից ներկայացված դիմում–հայտերը կրճատվել են 6 տոկոսով՝ ամբողջ աշխարհի առումով։ Եվ եթե մենք 2006 թվականին ավելի շատ ապաստան հայցող երկրների մեջ 19—րդ տեղն էինք գրավում, ապա այս տարի 21—րդ տեղում ենք»,–ասաց Գ. Եգանյանը։
Իսկ թե որ երկրներն են նախընտրում մեր երկրի քաղաքացիները, ըստ գործակալության պետի՝ այս տարվա տվյալներով 3925 դիմում–հայտերից միայն 1924—ը՝ ֆրանսիական իշխանություններին, 400—ը՝ ավստրիական, 400—ը՝ բելգիական եւ այլ երկրներ։ «Պետք է նկատենք նաեւ, որ տարեցտարի միգրացիոն հոսքերի ուղղությունները կարծես թե կարգավորված ձեւով են փոփոխվում այս երկրից դեպի այն երկիր»,– ասում է Գ. Եգանյանը եւ հիշեցնում, որ 1990–ական թվականներին հայերը ապաստանի տեղ նախընտրում էին Լեհաստանը, այնուհետեւ դա տեղափոխվեց Գերմանիա, հետո տեղաշարժվեց Բենիլյուքսի երկրներ, 2000 թվականների սկզբներին հոսքերն ուղղություն վերցրեցին դեպի ավելի հարավ–արեւելք՝ Չեխիա եւ Ավստրիա, իսկ վերջին երեք տարիներին  դա Ֆրանսիան է. «2000–2001 թվականների համեմատ Հայաստանի քաղաքացիների ներկայացրած ապաստանների թվաքանակը կազմում էր 8500–9000, իսկ այսօր դա իջել է մինչեւ 4000—ի»։

Ապաստան  Հայաստանում

Հայաստանը նույնպես որոշ երկրների քաղաքացիների համար պաշտպանվելու տեսակետից նախընտրելի երկիր։
2000 թվականից ի վեր մեր իշխանություններին է ներկայացվել ապաստանի 1380 հայտ–դիմում, իսկ միայն 2007 թվականին՝ ապաստանի 300 հայտ–դիմում։ «Մեզ ներկայացված դիմումների գերակշիռ մասը բաժին է ընկնում Իրաքի քաղաքացիներին»,– ասում է Գ. Եգանյանը՝ ավելացնելով, որ 1380 հայտադիմումներից 800—ը վերաբերում են իրաքցիներին, 400—ը՝ լիբանանա—իսրայելյան հակամարտությանը՝ երկու երկրների քաղաքցիներին, մնացած 100—ը՝ Թուրքիային, Իրանին, Աֆղանստանին, Սոմալիին, Սուդանին եւ Կուբային։
«Եղել են նաեւ մերժումներ, եւ դրանք վերաբերում են հիմնականում այն դիմումներին, որոնց տերերը ցանկանում են ստանալ փախստականի կարգավիճակ։ Այդ դիմումների 15—16 տոկոսը բավարարվել է։ Այսպես, փախստականի կարգավիճակի հետ կապված 120—130 դիմումներից մենք բավարարել ենք 20—ը, իսկ շուրջ 100—ը մերժվել են»,–«ՀՀ»—ին հայտնեց Գ. Եգանյանը։

Օրենքի տեսքով

2000 թվականից գործակալությունը մշակել է նաեւ դաշտը կարգավորող օրենքը, իսկ այս առումով ՀՀ կառավարությունն ընդունեց 9 որոշումներ, որոնց հիման վրա իրավասու մարմինը սկսեց ընդունել իր առաջին դիմումները օտարերկրյա քաղաքացիների կողմից, որոնք Հայաստանից տարբեր պատճառաբանություններով պաշտպանություն են խնդրում։

2006 թվականին ՀՀ տարածքային կառավարման միգրացիոն գործակալությունը ՄԱԿ—ի փախստականների գերագույն հանձնակատարի դանիական խորհրդի հետ համատեղ սկսեց իրականացնել օրենսդրական բացթողումների վերլուծություն։

«Մեր գործակալություն դիմած անձին մենք միջազգային օրենսդրությամբ իր համար սահմանված բոլոր իրավունքները ապահովում ենք եւ նրան շնորհում ենք փախստականի կարգավիճակ։ Վերլուծությունները ցույց տվեցին, որ դաշտում կատարելագործման կարիք կա, որը եւ հիմք կհանդիսանար, որպեսզի ձեւավորվեր համատեղ աշխատանքային խումբ ՄԱԿ–ի փախստականների գերագույն հանձնակատարի եւ մեր գործակալության աշխատակիցների կողմից, որը մեկուկես տարվա ընթացքում մշակեց օրենքի նոր խմբագրություն»,–ասաց Գ. Եգանյանը։

Հիշեցնենք, որ գոյություն ունեցող «Եվրոպական հարեւանության քաղաքականության» գործողությունների ազգային ծրագրով միգրացիոն ոլորտի մասը եւ մեր երկրի ստանձնած պարտավորությունների մեջ կարեւորագույն տեղերից մեկն ապաստանի վերաբերյալ նոր օրենքի ընդունումն է, իսկ երկրորդ՝ այն ընդգրկված է կառավարության գործունեությունների ծրագրերում։

Գործող «Փախստականի մասին» ՀՀ օրենքը, ինչպես գործակալության պետը հայտնեց, արմատական փոփոխման է ենթարկվել եւ նոր խմբագրմամբ կոչվում է «Փախստականի եւ ապաստանի մասին» ՀՀ օրենք, որը արդեն իսկ հանձնվել եւ հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմիցի եւ մոտ օրերս կփոխանցվի ԱԺ։

«Նոր օրենքում մասնավորապես հստակ տարանջատված է, թե ինչ բան է ապաստան, եւ ինչ բան է փախստականին ճանաչելը, որը գործող օրենքում բացակայում է։ Երկրորդ՝ ներկայիս օրենքում, օրինակ, ամրագրված են երկու տարբեր կարգավիճակներ՝ ժամանակավոր պաշտպանված անձ եւ փախստական»,–ասում է Գ. Եգանյանը՝ հիշեցնելով, որ իրենք այնպես են արել, որպեսզի այդ երկու կարեւոր խմբերը ներառված լինեն սահմանման մեջ։

Բացի այդ, օրենք մշակողները հստակ սահմանել են ապաստանի տրամադրման համակարգում ունեցող յուրաքանչյուր մարմնի իրավասությունները, սկսած կառավարությունից մինչեւ խնամակալական մարմիններ։

Նշենք նաեւ, որ նոր օրենքի նախագծում ներառված է 65 հոդված, իսկ գործող օրենքում այն ընդամենը 25—ն է։ «Նոր օրենքի նախագծում հստակ սահմանված են ընթացակարգերը, նորմերը՝ փախստականի կարգավիճակի շնորհումից բացի, դադարեցման եւ զրկման ընթացակարգերը»,–ասաց Գ. Եգանյանը։

«ՀՀ»—ին միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը նաեւ հայտնեց, որ նոր օրենքով կլուծվի նաեւ ժամանակավոր ապրելու իրավունքի հարցը, որը գործակալությունն այսօր տալիս է տարին մեկ անգամ. «Փախստականի պարագայում դա այլ է, եւ այստեղ հիմքերի դադարեցման պատճառներն այլ են։ Նոր օրենքով մենք այդ խնդիրն էլ պիտի լուծենք։ Այնտեղ ուղղակի կնշվեն փախստականի կարգավիճակի դադարեցման հիմքերը, այն պատճառները, որի հետեւանքով մարդը հարկադրված է եղել լքել ծննդավայրը։ Այնպես որ օրենքում մենք ամրագրել ենք 10 կետանոց դադարեցման հիմքեր»։

Գալուստ ՆԱՆՅԱՆ




Նորություններ
Հուլիս 25, 2012
Հուլիս 25, 2012
Հուլիս 20, 2012
Հուլիս 11, 2012