Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից


  • Եվրոպական միության պատվիրակության վեբ կայք

  • Կայքում տեղ գտած նյութերը, արտահայտված կարծիքներն ու մտքերը հեղինակներինն են և չեն կարող համարվել իբրև Եվրոպական միության տեսակետ:
Օգտակար հղումներ

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԸ ԱՊԱՍՏԱՆ ԵՆ ՀԱՅՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» օրաթերթ
12-03-2008

Մշակվում է փախստականի մասին նոր օրենք

Հայաստանն անկախացման առաջին օրվանից ստիպված եղավ դիմագրավել բռնի տեղահանվածների հոսքերին։ Խոսքը Ադրբեջանից բռնագաղթած 360 հազար հայերի մասին է։ Մինչեւ 1994 թվականը, երբ մեր երկիրը միացավ Ժնեւյան կոնվենցիային, ինչպես նկատեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը, Հայաստանն այդ անձանց վերաբերյալ չի ունեցել օրենսդրություն. «Չունեինք նաեւ այսպես ասած՝ իրավունքների, պարտականությունների ամբողջությունը ներկայացնող օրենսդրական ակտեր, այնքան էլ հստակ չէր նրանց դերը եւ տեղը հասարակության մեջ։ Մենք նրանց դիտում էինք պարզապես որպես մեր քույրեր եւ եղբայրներ, որոնք մեր օգնության կարիքն էին զգում»։

Փախստական տերմինը երկու երես ունի։ Առաջինն իր փաստացի իմաստն ունի՝ անձը փախել է եւ հասարակության մեջ համարվելու է փախստական, եւ երկրորդ՝ դա վերաբերում է այդ մարդկանց կարգավիճակին, որը պետք է լուծվի իրավական շրջանակներում։ 1994 թվականից սահմանվեց նրանց դերը հասարակության մեջ, այլ կերպ ասած՝ նրանց իրավունքները եւ պարտականությունները, որոնք մինչեւ 1998 թվականը չկիրառվեցին. «Ավելի ճիշտ՝ կիրառվել է երկու իմաստով։ Մասնավորապես, զինապարտության դրույթը տարածվել է նաեւ նրանց վրա, նրանք էլ են կարողացել մասնակցել քաղաքական գործընթացներին, անդամագրվել են քաղաքական կուսակցություներին»։

2000 թվականից գործակալությունը մշակել է նաեւ դաշտը կարգավորող օրենքը։ ՀՀ կառավարությունն ընդունեց 9 որոշումներ, որոնց հիման վրա իրավասու մարմինը սկսեց ընդունել իր առաջին դիմումները նաեւ օտարերկրյա այն քաղաքացիներից, որոնք տարբեր պատճառաբանություններով Հայաստանից պաշտպանություն են խնդրում։

2006 թվականին միգրացիոն գործակալությունը ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի դանիական խորհրդի հետ համատեղ սկսեց իրականացնել օրենսդրական բացթողումների վերլուծություն։ «Ապաստանի տրամադրման համակարգը գործում էր։ Անձը մեր գործակալություն դիմելով՝ ապահովվում էր միջազգային օրենսդրությամբ սահմանված բոլոր իրավունքներով, նրանց շնորհում էինք փախստականի կարգավիճակ։ Վերլուծությունը ցույց տվեց, որ դաշտի կատարելագործման կարիք կա, ինչը եւ հիմք հանդիսացավ, որ ձեւավորվի համատեղ աշխատանքային խումբ՝ ՄԱԿ—ի փախստականների գերագույն հանձնակատարի եւ մեր գործակալության աշխատակիցներից կազմված, որը մեկուկես տարվա ընթացքում մշակեց օրենքի նոր խմբագրությունը»,–ասաց Գ. Եգանյանը։ Նա հիշեցրեց, որ գոյություն ունի «Եվրոպական հարեւանության նոր քաղաքականության» գործողությունների ազգային ծրագիր, որում միգրացիոն ոլորտի եւ մեր երկրի ստանձնած պարտավորությունների կարեւորագույն կետերից մեկը նաեւ ապաստանի վերաբերյալ նոր օրենքի ընդունումն է։ Այն ընդգրկված է ՀՀ կառավարության գործունեության ծրագրում։

«Փախստականի» մասին ՀՀ գործող օրենքը, ինչպես Գ. Եգանյանը հայտնեց, արմատական փոփոխման է ենթարկվել եւ նոր խմբագրմամբ կոչվում է «Փախստականի եւ ապաստանի» մասին ՀՀ օրենք, որը շուտով կհանձնվի ՀՀ կառավարության դատին եւ կփոխանցվի Ազգային ժողով. «Նոր օրենքում մասնավորապես հստակ տարանջատված է, թե ինչ բան է ապաստանը եւ փախստականին ճանաչելը, որը գործող օրենքում բացակայում է։ Ներկայիս օրենքում, օրինակ, ամրագրված են երկու տարբեր կարգավիճակներ՝ ժամանակավոր պաշտպանված անձ եւ փախստական։ Իսկ ահա նոր օրենքի նախագծով մենք սահմանել ենք մեկ կարգավիճակ՝ փախստական, ինչը լայնացրել է շրջանակները»։

Բացի այդ, օրենքի նախագծում այն ստեղծողները հստակ սահմանել են ապաստանի տրամադրման համակարգում մասնակցություն ունեցող յուրաքանչյուր մարմնի իրավասությունները՝ սկսած կառավարությունից վերջացրած խնամակալական մարմիններով։ Ինչպես Գ. Եգանյանը նկատեց, օրենքի նախագծում նաեւ մանրամասն նշված է, թե ապաստան հայցող երեխաների հետ կապված հարցերը ինչպես պետք է լուծվեն, որը գործող օրենքի բացթողումն է։

«Հստակ նշված են ապաստան հայցողների եւ փախստական ճանաչված անձանց իրավունքները՝ ըստ ոլորտների՝ սկսած սոցիալական ապահովությունից, առողջապահությունից վերջացրած աշխատանքի եւ այլ իրավունքներով։ Ինչո՞ւ եմ կարեւորում այս ամենը. գործող օրենքով այս ոլորտային իրավունքները կարգավորվում էին այդ բնագավառների օրենքների համաձայն։ Այդ բնագավառները կարգավորող օրենսդրութունն էլ իր հերթին հղում էր կատարում «Փախստականի մասին» ՀՀ օրենքին, ստացվում էր փակ շղթա։ Նոր օրենքի նախագծում հստակ սահմանված են ընթացակարգերը, նորմերը՝ փախստականի կարգավիճակի շնորհումից բացի նաեւ դրա դադարեցման եւ զրկման ընթացակարգերը»,– ասաց Գ. Եգանյանը։

Նշենք նաեւ, որ նոր օրենքի նախագծում ներառված է 65 հոդված, իսկ գործող օրենքը ընդամենը 25 հոդված ունի։
Ինչպես «ՀՀ»-ին հայտնեց միգրացիոն գործակալության պետը, նոր օրենքով կլուծվի նաեւ ժամանակավոր ապրելու իրավունքի հարցը, որը գործակալությունը տալիս է տարին մեկ անգամ։ «Փախստականի պարագայում այլ է, այստեղ հիմքերի դադարեցման պատճառներն էլ այլ են։ Նոր օրենքով մենք այդ խնդիրն էլ պիտի լուծենք, որ տարին մեկ անգամի այդ հարցն էլ վերանա։ Այնտեղ ուղղակի կնշվեն փախստականի կարգավիճակի դադարեցման հիմքերը։ Նոր օրենքի նախագծում մենք ամրագրել ենք դադարեցման 10 հիմքեր»,–ասաց Գ. Եգանյանը։

Զրուցակիցս նաեւ հիշեցրեց, որ իր ղեկավարած գործակալությունը կարող է անձին ճանաչել փախստական, բայց չտրամադրել ապաստանի իրավունք, եթե անձն այլ երկրի կողմից ճանաչվել է փախստական եւ ունի այնտեղ ապաստանի իրավունք, որը նշանակում է բնակության իրավունք, ինչպես նաեւ սոցիալական, տնտեսական եւ մշակութային հարցերում որոշակի իրավունքների տրամադրում, որը, որպես կանոն, տրամադրվում է քաղաքացիներին համահավասար։ «Անձը եթե որեւիցե երկրում ճանաչվել է փախստական, դա մեխանիկորեն նշանակում է, որ մենք էլ նրան պետք է ճանաչենք փախստական։ Այնպես որ, փախստական տերմինը ունիվերսալ է յուրաքանչյուր երկրի համար, իսկ ահա ապաստան տրամադրելը այլ խնդիր է։ Եվ եթե անձը որեւէ երկրում ունի նաեւ ապաստանի իրավունք, դա հիմք է, որ նրան չտրամադրենք ապաստանի իրավունք», «ՀՀ»-ին ասաց Գ. Եգանյանը։

Հ. Գ. Ներկայում օտարերկրացիների մի մեծ խումբ, որն ստիպված եւ հարկադրված լքել է հայրենիքը, կացություն են խնդրել մեր երկրից։ Գ. Եգանյանը հայտնեց նաեւ, որ մեր երկրին դիմած՝ ապաստան հայցողների թիվը տարեցտարի ավելանում է, եւ ներկայում նրանց թիվը անցնում է 1000—ից։

«Հազար քաղաքացիներից 800—ին մեր գործակալությունը տվել է ապաստանի իրավունք, որից 300—ը՝ միայն անցյալ տարի, որոնք հիմնականում եղել են Իրաքի քաղաքացիներ»,–ասաց Գ. Եգանյանը։

Նշենք նաեւ, որ մեր երկրից ապաստան են հայցել նաեւ Իսրայելի, Լիբանանի, Թուրքիայի, Աֆղանստանի եւ այլ երկրների քաղաքացիներ։

Գալուստ ՆԱՆՅԱՆ



Նորություններ
Հուլիս 25, 2012
Հուլիս 25, 2012
Հուլիս 20, 2012
Հուլիս 11, 2012