Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից


  • Եվրոպական միության պատվիրակության վեբ կայք

  • Կայքում տեղ գտած նյութերը, արտահայտված կարծիքներն ու մտքերը հեղինակներինն են և չեն կարող համարվել իբրև Եվրոպական միության տեսակետ:
Օգտակար հղումներ

«Պայմաններ ապաստան հայցողների համար»

«Երկիր» օրաթերթ
22.02.2008

Երբ խոսք է լինում փախստականների ու օտար երկրներում ապաստան հայցողների մասին, բացառությամբ Ադրբեջանից բռնագաղթած մեր հայրենակիցների, մեզանում ընկալվում է, թե հարցն առնչվում է սոսկ Հայաստանից տարբեր պատճառներով արտագաղթողներին եւ ուրիշ պետություններում բախտ որոնողներին։

Մինչդեռ մի քանի տարի շարունակ մեր պետությունը նաեւ ապաստանի երկիր է հանդիսանում։ Արդեն հազարից ավելի օտարերկրյա քաղաքացիներ են դիմել մեզ ապաստանի խնդրանքով` Իրանքից, Իրանից, Աֆղանստանից, աֆրիկյան երկրներից, Թուրքիայից։ Օրենքը տարբերություն չի դնում. անձին, ում կյանքին իր երկրում վտանգ է սպառնում, հալածվում է տարբեր պատճառներով, մեր պետությունը պաշտպանում է` ապաստան տալով, առանց խտրականության, անկախ այն բանից, թե ինչ ազգային ու կրոնական պատկանելություն ունի։

Օտարերկրյա քաղաքացիներին Հայաստանում պաշտպանություն, ապաստան տրամադրելու համակարգը գրեթե կայացած է մեր երկրում։ Ապաստան տրամադրելու համար անհրաժեշտ են օրենսդրություն, կառույցներ, համապատասխան կրթությամբ անձնակազմ եւ այլն։

Ու թեպետ այդ ամենը մենք այսօր ունենք, փախստականների եւ ապաստան հայցողների հիմնախնդիրների ոլորտի կարգավորումն ապահովող օրենսդրությունը հիմնականում մշակված է, սակայն «Փախստականների մասին» ՀՀ գործող օրենքի թերություններով, ինչպես նաեւ պատական հաստատությունների համագործակցության ընթացակարգերի որոշ անհստակություններով պայմանավորված` դեռեւս մնում են մի շարք չլուծված հարցեր, որոնց պատճառով Հայաստանի Հանրապետությունում ապաստանի տրամադրման համակարգն ունի մի շարք էական բացեր։

Մասնավորապես, օրենսդրական մակարդակով սահմանված չեն ապաստանի տրամադրման հետ կապված բոլոր առանցքային հասկացությունները, ինչպես նաեւ հստակեցված չեն այդ գործընթացի ապահովման համար անհրաժեշտ ընթացակարգերն ու դրանք իրականացնող մարմինների գործառույթները։

Կատարյալ չեն նաեւ փախստականների ու ապաստան հայցողների խնդիրների լուծման իրավասություններ ունեցող պետական հաստատությունների օպերատիվ համագործակցության ընթացակարգերը, ինչպեսեւ թույլ է համագործակցությունը պետական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների ու իրավասու միջազգային կառույցների միջեւ, չկան ապաստան հայցողների հիմնախնդիրները միասնական քննարկելու եւ լուծելու արդյունավետ մեխանիզմներ ու ավանդույթներ։

Ցածր է եւ ապաստան հայցողների հիմնախնդիրների եւ իրավունքների մասին ինչպես իրենց` ապաստան հայցողների, այնպես էլ հասարակական կազմակերպությունների ու հասարակության իրազեկության մակարդակը։

Մեր հանրապետությունում ապաստան հայցողների եւ փախստականների իրավական պաշտպանության հարցերը կարգավորող օրենսդրությունում թերի են ընտանիքների վերամիավորման հետ կապված խնդիրների կարգավորման մեխանիզմները, ապաստան հայցողների ու փախստականների համար հստակորեն չի երաշխավորվում ընտանիքի վերամիավորումը, այն, որ փախստական ճանաչված անձի ընտանիքին կտրամադրվի փախստականի կարգավիճակ. խախտվում է ընտանիքի միասնության սկզբունքը։
Անօրինական մուտք գործող անձանց համար լիովին երաշխավորված չէ փախստականի կարգավիճակի որոշման ընթացակարգով փախստական ճանաչվելն ու ապաստան ստանալը։

Համապատասխան ազգային օրենսդրությունը բավականաչափ չի կարգավորում վտարման եւ արտաքսման ընթացակարգերը, ուշադրություն չի դարձվում ապաստան հայցողների հատուկ կարիքներին։

Վերը թվարկյալ եւ այլ բացթողումներն առիթ են հանդիսացել, որպեսզի 2005-2006 թվականներին ստեղծվի աշխատանքային խումբ Փախստականների դանիական խորհրդի, ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի եւ Հայաստանի միգրացիայի եւ փախստականների վարչության կողմից, որը համատեղ վերլուծել է համակարգի բացթողումները, որոնել կատարելագործման ուղիներ` պայմանավորված նորօրյա իրողություններով։ Գործունեության արդյունքում կազմվել է կատարելագործումների ամփոփաթերթիկ, եւ դրան համապատասխան կատարելագործվել է օրենքը։

«Սկզբում մտածում էինք լրացումներ կատարել կոսմետիկ փոփոխությունների ճանապարհով, սակայն հետո քննարկումները պարզեցին, որ հարկ է արմատական փոփոխություններ կատարել, եւ արդյունքում նոր օրենքի նախագիծ կազմեցինք։ Որպեսզի այդ նախագիծը մշակվի, կրկին համատեղ աշխատանքային խումբ ձեւավորեցինք` կազմված ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի ու մեր աշխատակիցներից, եւ այս նախագիծը դարձավ շուրջ տարիուկեսվա մանրակրկիտ աշխատանքի արդյունք»,- ներկայացրեց տարածքային կառավարման նախարարության ենթակայությամբ գործող` միգրացիայի եւ փախստականների վարչության պետ Գագիկ Եգանյանը։

Նշենք, որ փախստականների եւ ապաստանի մասին Հայաստանի Հանրապետության գործող օրենքը ներառում է 25 հոդված, իսկ այս նոր օրենքի նախագիծը 65 դրույթից է բաղկացած, ինչն արդեն խոսում է նոր մոտեցումների մասին։

ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի աշխատակազմում համարում են, որ փախստականների ոլորտը կարգավորող ու ապաստանի մասին օրենքի այս նախագիծն իրենց օգնությամբ մշակված լավագույն օրենսդրական ակտերից մեկն է, որը համահունչ է մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերում ամրագրված սկզբունքներին ու մոտեցումներին։

Գ. Եգանյանը կարծում է, որ փախստականների եւ ապաստանի մասին ՀՀ նոր օրենքի նախագիծը միասնական մոտեցմամբ մշակելուց հետո նպատակահարմար է օրենքի փոփոխություններ իրականացնել ոչ թե առանձին հոդվածներում` մասնակի բովանդակային եւ խմբագրական բնույթի փոփոխություններ ու լրացումներ կատարելու միջոցով, այլ արմատական ճանապարհով, այն է` իրագործել օրենքի համապատասխանեցում ՄԱԿ-ի փախստականների կարգավիճակի վերաբերյալ կոնվենցիային, օրենքի կարգավորման եւ շրջանակի ու առարկայի փոփոխություն։

Փախստականների եւ ապաստանի մասին նոր օրենքի նախագիծը ներկայումս գտնվում է կառավարությունում։ Այն համաձայնեցված է բոլոր շահագրգիռ գերատեսչությունների հետ, եւ կառավարության հավանությանն արժանանալուց հետո հիշյալ նախագիծը կքննարկվի Ազգային ժողովում։

Նաիրա ՊՈՂՈՍՅԱՆ





Նորություններ
Հուլիս 25, 2012
Հուլիս 25, 2012
Հուլիս 20, 2012
Հուլիս 11, 2012