Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից


  • Եվրոպական միության պատվիրակության վեբ կայք

  • Կայքում տեղ գտած նյութերը, արտահայտված կարծիքներն ու մտքերը հեղինակներինն են և չեն կարող համարվել իբրև Եվրոպական միության տեսակետ:
Օգտակար հղումներ

«ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՀՈՍՔԸ ԴԵՊԻ ՌԴ ՄԵԾԱՆՈՒՄ Է»

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» օրաթերթ
26-10-2007

Ամառը սովորաբար համարվում է աշխատանքային միգրացիայի ամենաթեժ ժամանակաշրջանը։ Հատկապես այդ ամիսներին է մարդկանց հոսքը առավելապես ուղղված  լինում ԱՊՀ երկրներ, մասնավորապես ՌԴ, ինչը պայմանավորված է այնտեղ «սեզոնային աշխատանքի» պահանջարկով։ Թեպետ հստակ թվեր չկան, սակայն վիճակագրական որոշ տվյալների համաձայն, հայ միգրանտները ՌԴ–ում ներգրավվում են հիմնականում շինարարության, առեւտրի եւ սպասարկման ոլորտի աշխատանքներում։

Ինչո՞ւ միգրացիոն վիճակագրություն որպես այդպիսին չկա. դա պայմանավորված է մի քանի հանգամանքներով։ Նախ աշխատանքային միգրանտներից բոլորը չէ, որ օրինական են տվյալ երկրում հաստատվում, ուստի դժվար է պարզել, թե ինչպիսի պայմաններում են կացություն հաստատում, կամ որքան աշխատավարձ են ստանում։ Հատկապես ՌԴ մեկնողների գերակշիռ մասը ուղեւորվում է այդ երկիր որեւիցե ծանոթի, ազգականի, կամ պարզապես ինչ–որ միջնորդի՝ այնտեղ առկա համապատասխան աշխատանքի առաջարկով։ Այս երեւույթը տեսանելի է դառնում հատկապես ամռան ամիսներին, երբ աշխատանքը երբեմն զուգակցվում է ամառային հանգստի հետ։ Իրապես շատ քչերն են, որոնք ՌԴ ժամանակավոր աշխատանքի են մեկնում նախապես կնքված աշխատանքային պայմանագրի համաձայն, ինչն էլ դժվար է դարձնում այս ուղղությամբ տվյալների հավաքագրման գործընթացը։

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության միգրացիոն ծրագրերի բաժնից տեղեկացանք, որ Ռուսաստան աշխատանքի մեկնողների թիվը բավական մեծ է եւ տարեց տարի ավելի է աճում։ Միգրացիոն ծրագրերի բաժնի պետ Իրինա Դավթյանը նշեց, որ աշխատանքային միգրացիայի վերաբերյալ ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի կողմից անցկացված հետազոտությունները նույնպես վկայում են դեպի այդ երկիր աշխատանքային միգրացիայի աճի մասին։ Առաջին հետազոտությունն արվել է 2005թ., իսկ երկրորդը՝ 2007թ., որը դեռ ամփոփված չէ։ Ըստ առաջին հետազոտության արդյունքների, աշխատանքային միգրացիայի հոսքը 90 տոկոսով ուղղված է հիմնականում ԱՊՀ երկրներ՝ Ուկրաինա, Ղազախստան, ընդ որում՝ 87 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին։

Իրինա Դավթյանը վկայում է, որ ԵԱՀԿ —ի վերջին հետազոտության նախնական տվյալների համաձայն, այս տարի ՌԴ մեկնողների թիվը դարձյալ աճել է։ Ինչո՞վ է հատկապես այս երեւույթը պայմանավորված։ Միգրացիոն ծրագրերի բաժնի պետի տեղեկացմամբ, աճի հիմնական պատճառը կամ դրան նպաստող երեւույթը այս տարի ՌԴ—ում միգրացիոն աշխատանքներին ուղղված նոր օրենսդրության ընդունումն է, ինչը ըստ նրա, բավական լիբերալ օրենք է եւ հեշտացրել է միգրանտների՝ այնտեղ հաստատվելու եւ աշխատելու գործընթացը. «Եթե նախկինում միգրանտը դժվարանում էր օրինական կացության կարգավիճակ ձեռք բերել, ապա այժմ նա կարող է դիմել, գրանցվել եւ ձեռք բերել աշխատանքային թուլտվություն, այնուհետեւ աշխատանք փնտրել։ Արդեն գործող այս օրենքը հեշտացրել է օրինական կարգավիճակի ձեռք բերման գործընթացը, ինչն էլ նպաստում է մեկնողների թվի աճին։ Այժմ շատերը կձգտեն ՌԴ աշխատանքի մեկնել, քանի որ օրինական կարգավիճակով աշխատելը պաշտպանվածության երաշխիքներ է ստեղծում»։ Դարձյալ չկան վիճակագրական տվյալներ, թե որքան աշխատավարձ են միգրանտները ստանում, սակայն հետազոտության տվյալները, նրա հավաստմամբ, թույլ են տալիս պատկերացում կազմել նրանց միջին եկամտի մասին։ Օրինակ՝ 2005—ի տվյալներով, նրանց միջին եկամուտը կազմել է 404 դոլար։

Եթե 2005 թ., ՌԴ մեկնած վերջին ուղեւորությունից յուրաքանչյուր միգրանտ միջին հաշվով իր հետ բերում էր 1400 դոլարի չափ գումար, ապա այդ թիվը, վերջին հետազոտության տվյալներով, կրկնապատկվել է՝ հասնելով 2900 դոլարի, ինչը պայմանավորված է նաեւ դոլար–դրամ հարաբերակցության փոփոխման գործընթացով։

ՌԴ–ում եղե՞լ են միգրանտեր, ովքեր ենթարկվել են կամայականությունների եւ բողոքներով դիմել գործակալությանը։ Իրինա Դավթյանը նման միջադեպ չհիշատակեց՝ դա իրենց ֆունկցիաներից դուրս համարելով։ «Դա հնարավոր կլիներ այն դեպքում, երբ միգրանտը մեկնած լիներ որեւէ կազմակերպության հետ կնքած պայմանագրի միջոցով, եւ այն էլ՝պարտադիր լիցենզավորված կազմակերպության։

Այն դեպքում մենք կկարողանանք վերահսկողություն իրականացնել, երբ լինեն մեր կողմից լիցենզավորված միջորդ կազմակերպություններ,։ Իսկ շուկան լրիվ բաց է ու, եթե նման կազմակերպություններ էլ կան, դրանք լիցենզավորված չեն, եւ պարզ չէ, թե ինչ մեխանիզմով են աշխատում։ Իսկ մենք որեւէ միջոց չենք կարող կիրառել, քանի որ նրանց նկատմամբ ոչ մի լծակ չունենք»։ Որքանո՞վ է աշխատանքային միգրացիային ուղղված՝ ՌԴ նոր օրենսդրությունը բխում մեր շահերից, թերեւս դժվար է մեկնաբանել։ Իրինա Դավթյանը խրախուսում է ՌԴ — ում նման օրենքի ընդունումը, միաժամանակ նշելով, որ այն կմեծացնի դեպի ՌԴ աշխատանքային միգրանտների հոսքը։

Իսկ «սեզոնային աշխատանքը» սովորաբար սկսվում է գարնանը։ Մեկնողների թիվը հատկապես ավելանում է տարվա այդ եղանակին, իսկ վերադարձողներինը՝ աշնան վերջին–դեկտեմբերին։ Իսկ աշխատանքային միգրանտների մեկ այլ խումբ, արդեն կանայք, ուղեւորվում են եվրոպական եւ արաբական երկրներ, ինպես նաեւ ԱՄՆ՝ զբաղվելով դայակի եւ խնամակալի աշխատանքով։ Սակայն ՌԴ —ի համեմատ այդ երկրները բավական քիչ տոկոս են կազմում։

Ընդհանուր առմամբ, որպես երեւույթ, աշխատանքային միգրացիան առկա է աշխարհի գրեթե բոլոր երկրներում։ Հայաստանում բնակչության 4 տոկոսն է ընդգրկված աշխատանքային միգրացիայի գործընթացում, իսկ տնային տնտեսությունների՝ 13,9 տոկոսը։

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

 


Նորություններ
Հուլիս 25, 2012
Հուլիս 25, 2012
Հուլիս 20, 2012
Հուլիս 11, 2012