Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից


  • Եվրոպական միության պատվիրակության վեբ կայք

  • Կայքում տեղ գտած նյութերը, արտահայտված կարծիքներն ու մտքերը հեղինակներինն են և չեն կարող համարվել իբրև Եվրոպական միության տեսակետ:
Օգտակար հղումներ

«ՎԵՐԱԴԱՐՁՈՂՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է»
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» օրաթերթ
26-07-2007

Այս տարվա առաջին կիսամյակում միգրացիոն իրավիճակը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության գնահատականներով, գրանցվել է բացասական սալդո, այսինքն՝ Հայաստան են ժամանել ավելի քիչ, քան մեկնել են։

Ինչպես «ՀՀ»—ի հետ զրույցում հայտնեց միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը, Հայաստան է ժամանել 488 հազար 180 մարդ, որից օդային ճանապարհով՝ 259 հազար 788 մարդ, երկաթուղայինով՝ 6416, ավտոմոբիլայինով՝ 221 հազար 976. «Հայաստանից մեկնողների թիվ կազմել է 528 հազար 34 մարդ, որից օդային ճանապարհով՝ 307 հազար 658, երկաթուղայինով՝ 6762, ավտոմոբիլայինով՝ 213 հազար 614 մարդ»։

Խոսելով վերջերս ՀՀ ԱԺ—ի կողմից հավանությանն արժանացած կառավարության գործունեության ծրագրի մասին գործակալության պետը նշեց, որ կառավարության գործունեության ծրագրում կա 8 ծրագային կետ, որ վերաբերում են միգրացիոն ոլորտին, իսկ այդ կետերը իրենց հերթին ներառված են 2 հիմնական բաժինների մեջ՝ սփյուռք եւ միգրացիա։

«Ներկա միգրացիոն իրողություններով պայմանավորված՝ ՀՀ կառավարությունը իր վրա է վերցրել հայրենադարձության գործընթացի խթանումը, մասնավորապես՝ Հայաստանից արտագաղթած ՀՀ քաղաքացիների վերադարձը»,–ասում է պրն Եգանյանը։

Զրուցակիցս հիշեցրեց, որ գործադիր իշխանության ծրագրով նախատեսված է ստեղծել համակարգ, որը հնարավորություն կտա յուրաքանչյուր պոտենցիալ վերադարձողին կամ վերադարձողի ցանկություն ունեցող մեր քաղաքացիներին իրենց հուզող հարցերը անմիջականորեն ուղղել ՀՀ իշխանության համապատասխան մարմիններին ինտերնետային համակարգի միջոցով. «Համակարգը կունենա «Տունդարձ» անվանումը, որն այսօր մշակվում է միգրացիոն գործակալության, ինրպես նաեւ մարդկային զարգացման միջազգային կենտրոնի եւ բրիտանական խորհրրդի աջակցությամբ։ Ծրագրի ֆինանսավորումը իրականացվում է Եվրահանձնաժողովի կողմից»։

Ինչ վերաբերում է օտարերկրյա քաղաքացիների աշխատանքային գործընթացներին, ապա երեւույթը ունի երկու երես. մեկը, որ մեր երկիրն է այլ երկրների մատակարարում աշխատուժ, մյուս, որ մեր երկիրն է օտարերկրացիներին ընդունում որպես աշխատուժ։

«Կարելի է ասել, որ Հայաստանը վարում էր բաց դռների քաղաքականություն այն պարագայում, որ աշխատատեղերի բացակայությամբ պայմանավորված՝ մեր քաղաքացիների մի մասը ստիպված էր արտագաղթել եւ աշխատանք գտնել այլ երկրներում։ Վերջերս ընդունված օտարերկրացիների մասին օրենքով նախատեսվում է, որ օտարերկրացի քաղաքացիները մեր երկրում պետք է թույլտվություն ստանան թափուր աշխատատեղում աշխատանքային գործունեություն ծավալելու։ Սա միջազգայնորեն ընդունված սկզբունք է, որով նաեւ երկիրը նախապատվելի իրավունք է ապահովում մեր քաղաքացիների համար։ Եթե թափուր աշխատատեղ կա, եւ այդ թափուր աշխատատեղը չի համալրվում մեր քաղաքացու կողմից, միայն այդ պարագայում հնարավոր է հրավիրել օտարերկրյա քաղաքացու»,–ասում է Գ. Եգանյանը եւ հավելում, որ հուսով է, որ այս տարվա աշնանից այս դրույթը կգործի։

Հաշվված գումարներ

Վերջերս ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից իրականացված «Աշխատանքային էմիգրացիան Հայաստանից 2002—2005» սոցիոլոգիական հարցման տվյալներով, օտար երկրներում գտնվող հայ միգրանտների 84,8 տոկոսը օգտվել է բանկային համակարգից, որով եւ իրականացրել է դրամական փոխանցումներ։ ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացված «ՀՀ տնային տնտեսությունների կողմից 2005 թվականին արտերկրներից ստացված դրամական փոխանցումների իրական ծավալների գնահատմանն ուղղված հարցման» համաձայն, ՀՀ տնային տնտեսությունների միայն 78 տոկոսն է բանկային համակարգի միջոցով ստացել դրամական փոխանցումներ։ Համաշխարհային բանկի կողմից իրականացրած «Արեւելյան եվրոպայի եւ նախկին ԽՍՀՄ երկրների՝ արտասահմանում աշխատող քաղաքացիների դրամական փոխանցումները եւ միգրացիան» զեկույցի համաձայն, այդ ցուցանիշն ավելի ցածր է, որը կազմել է 59 տոկոս։

Գ. Եգանյանը «ՀՀ»—ին հայտնեց, որ ՀՀ բանկային համակարգով ոչ առեւտրային նպատակներով ֆիզիկական անձանց անունով կատարվող դրամական փոխանցումների ծավալը կազմել է 2004 թվականին՝ 644 հազար 19 հազար դոլար, 2005 թվականին՝ 752 հազար 819 հազար, իսկ 2006 թվականին՝ 960 հազար 926 դոլար։

«Տնային տնտեսությունների 22 տոկոսը դրամական փոխանցումներ է ստացել այլ ուղիներով։ Ընդ որում, ամենատարածված ուղին կանխիկ տեսքով իրականացվող փոխանցումներն են, ինչը կազմել է փոխանցումների 12.5 տոկոսը»,–ասում է Գ. Եգանյանը եւ հավելում, որ փոխանցումների 8.6 տոկոսը բաժին է ընկել հատուկ կազմակերպությունների միջոցով իրականացվող փոխանցումներին, ինչը գերակշռում է հատկապես ԱՄՆ—ից կատարվող փոխանցումների ժամանակ։

Այսպես, դրամական փոխանցումների ընդհանուր ծավալները կազմել են 2004 թվականին 825 հազար 665, 2005 թվականին՝ 965 հազար153, իսկ 2006 թվականին՝ 1 միլիոն 231 հազար 956 դոլար։

«Կարծում եմ, այս տարի այն կհասնի 1 մլն 400 հազար դոլարի»,–ասում է Գ. Եգանյանը՝ ավելացնելով, որ այդ գումարները ՀՀ համախառն ներքին արդյունքում, ըստ տարիների, կազմել են. 2004 թվականին՝ 23,1 տոկոս, 2005—ին՝ 19,7 տոկոս, 2006 թ—ին՝ 19,2 տոկոս։

Դրամական փոխանցումների աշխարհագրության մասին խոսելիս գործակալության պետը նշեց, որ վիճակագրության համաձայն, հիմնական երկրները, որտեղից ստացվել են գումարները, եղել են Ռուսատանը՝ 72,2 տոկոս, ԱՄՆ–ը՝ 14,3 տոկոս, Գերմանիան՝ 2,3 տոկոս, Հունաստանը՝ 1,5 տոկոս, Ուկրաինան՝ 1,4 տոկոս։ «Սեզոնային աշխատողների կողմից կատարված դրամական փոխանցումների պատկերը մի փոքր այլ է՝ Ռուսաստան՝ 94,2 տոկոս, ԱՄՆ՝ 1,8, Գերմանիա՝ 0,2, Հունաստան՝ 0,2 եւ Ուկրաինա՝ 0,3 տոկոս»,–ասում է միգրացիոն գործակալության պետը։

Գալուստ ՆԱՆՅԱՆ



Նորություններ
Հուլիս 25, 2012
Հուլիս 25, 2012
Հուլիս 20, 2012
Հուլիս 11, 2012