Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից


  • Եվրոպական միության պատվիրակության վեբ կայք

  • Կայքում տեղ գտած նյութերը, արտահայտված կարծիքներն ու մտքերը հեղինակներինն են և չեն կարող համարվել իբրև Եվրոպական միության տեսակետ:
Օգտակար հղումներ

Սուսաննա, ՀՀ քաղաքացի, ապրում է Գերմանիայում 1999թ.-ից

Աշուն էր, իր գեղեցիկ գույներով հարուստ մի աշուն: Փոքրիկիս հետ նստած էի այգում, զմայլվում էի աշնանային գույներով և փոքրիկիս ուրախ խաղով, երբ հանկարծ ուշադրությունս գրավեց մի կին, որի ձեռքին Պարույր Սևակի գիրքն էր: Անմիջապես հասկացա, որ հայ էր: Նա ուներ հայկական ընդգծված դիմագիծ, հպարտ հայացք: Ես մի քանի րոպե մի փոքր հեռավորությունից զննում էի այդ կնոջը: Ես հասկացա, որ նա բոլորովին չի հրապուրվում աշնանային այս գեղեցկությամբ, ավելի շուտ նրան պատել էր աշնանային թախիծը, և նա իր հպարտ հայացքով հեռուներն էր նայում: Մի քանի րոպե անց ես մոտեցա նրան և հարցրեցի` հա՞յ եք:  Նրա աչքերը այնպես փայլեցին, որ կարծես առաջին անգամ էր հայ տեսնում: Մենք ծանոթացանք և հետագայում մտերմացանք: Որոշ ժամանակ անց ես որոշեցի գրել մի փոքրիկ պատմություն այդ կնոջ կյանքի վերաբերյալ:

Կարծես երեկ էր և, կարծես, մեկ դար, երբ հրաժեշտ տվեցի իմ հայրենիքին: Շատ մեծ ցավով հեռացա, քանզի արմատներս շատ ամուր էին կպած հայրենի հողին: Հեռացա` վերադառնալու որոշումով:
Գործս անողներն ասացին` պատրաստ եղեք, մի շաբաթից կգնաք: Այդ մի շաբաթը ծանր, դժվար (երբեմն մեր հարուստ հայկական լեզուն էլ չի բավարարում գրել այն, ինչ զգում ես) շաբաթ էր: Ես և մայրս խուսափում էինք հայացքներս իրար հանդիպեցնել, որովհետև մեր երկուսիս սրտում էլ մի մեծ անհանգստություն և բողոք կար, որը կժայթքեր արցունքների միջից, եթե մեր հայացքները հանդիպեին: Մայրս առավոտից իրիկուն զբաղված էր տղաներովս, փայփայում էր, գուրգուրում, մյուս թոռներից թաքուն կերակրում լավ ուտեստներով: Ինքն էր պահում տղաներիս. ես աշխատում էի:
Եկավ այդ ոչ բաղձալի օրը: Բոլորը հուզված են, բայց մեկը մյուսին հանգստացնում է` Դե ոչինչ, հիմնական չեն գնում: Հորեղբայրս, որը լրացնում էր հորս պակասը, փորձեց ինձ սփոփել`Ինչու՞ ես տխուր, այսքան ժողովուրդ է հավաքվել քեզ ճանապարհելու. դա մեծ հարստություն է: Մինչդեռ ես այդ հարստությունից էի հեռանում:
Հավաքվածներից  մեծ մասը եկավ օդանավակայան: Այդքան հարազատների մեջ ես հանկարծ ինձ այդքան մենակ զգացի: Երբ մոտեցանք ինքնաթիռին, սկսվեց մի գոռում-գոչյուն. բոլորը կանչում էին իրենց հարազատներին: Այդ ձայների միջից միայն իմ տղաների անուններն էի լսում: Այս ինչու՞ են այսպես սրտաճմլիկ ձայն տալիս. հո մենք պատերա՞զմ չենք գնում Այո', հետո հասկացա, որ մենք պատերազմ ենք գնում, մի ուրիշ պատերազմ, որտեղ զենքի փոխարեն դու ես զենք դառնում:
Ինքնաթիռում քար լռություն էր: Մի նորածին երեխա իր աղիողորմ լացով խախտեց այդ լռությունը: Մայրը չէր կարողանում լացը կտրել; Մի տղամարդ չդիմացավ, ասաց` Ա'յ բալես, լացդ կտրի'ր, թե չէ հիմա բոլորս կլացենք: Ինքնաթիռն իրենից գոհ թռչում էր: Փոքր տղաս ծիծաղելով ասաց` Մամ', էս ,,սամալյոտը” ոնց որ տրակտոր լինի: Այնքան հուզվեցի տղայիս ծիծաղի վրա. կարծես ամեն ինչ թողել էինք Հայաստանում, նույնիսկ` ծիծաղը... Բայց չէ, տղաս ,,ծիծաղեց”: Ինչ լավ է, որ փոքր են և չեն հասկանում իմ ապրումները:
Երկու ժամ հետո ինքնաթիռը վայրէջք կատարեց Լվովում: Այնտեղից նստեցինք ավտոբուս և ավտոբուսով պետք է հասնեինք Գերմանիա: Ժամ անց, տեսնելով ուղևորների վարքն ու բարքը, ես հասկացա, որ ,,ուրիշ” ավտոբուս եմ նստել: Այո', դա իմ ավտոբուսը չէր, բայց...
Գերմանիա, գեղեցիկ երկիր, աննկարագրելի մաքրություն, բայց մեզ ինչ, թող գերմանացիները ուրախանան իրենց երկրով:
Լագեր, հոգեկան ծանր օրեր: Չգիտեմ ինչու այդ օրերին հաճախ էի հիշում ,,Գիքորը”: Հանդիպումներ շատ հայերի հետ, որոնցից շատերը նույնպես ,,սխալ” ավտոբուս նստածներից էին: Բոլորը այնքան տխուր էին, և այդ ցավոտ զգացումը մեզ այնքան էր կապել իրար, կարծես մի մարդ էինք: Մի տարեց կին ամեն օր գալիս էր մեր սենյակը սուրճ խմելու: Մանկավարժ էր եղել, տղան Գերմանիայում էր, կանչել էր մորը, մի քանի ամիս անց ,,հանձնել էր լագեր”, որ այդտեղից ձրի ուղարկեն: Իր վերադարձի օրերն էր հաշվում: Մի օր հարցրեցի, թե ինչու է այդքան շտապում. տղան ընտանիքով այստեղ է, աղջիկը Բելգիայում է, Հայաստանում երեխա չունի: Նա պատասխանեց, որ Հայաստանում ունի շատ թանկ մի բան` իր ամուսնու գերեզմանը, և իր ,,ՏՈՒՆԸ”: ,,Երբ հասնեմ Հայաստան, տանս պատերը պիտի համբուրեմ, այնքան եմ կարոտել”: Արդեն ասել էին ուղարկելու օրը, իսկ դրանից մի օր առաջ գիշերը վատացել էր, տարել էին հիվանդանոց, և այդպես էլ տեղեկություն չունենք:
Երեք ամիս լագերում մնալուց հետո մեզ մի փոքրիկ շրջանում տուն տվեցին: Երեխաները տեղավորվեցին այդ դպրոցում: Մի քանի ամիս հետո լեզուն համարյա տիրապետեցին: Տոնական օրերից մեկի առիթով հանդես էին կազմակերպել, որին մասնակցում էր տղայիս դասարանը: Ես ներկա էի: Դե, երեխաները քառյակներ են ասում, հերթը հասավ տղայիս: Նա շատ հաջող արտասանեց իր քառյակը, որի բովանդակությունը Գերմանիան գովերգելն էր, և որ իր երազանքը Գերմանիա  գալն էր: Նախ բեմում գերմանացի երեխաների հետ գտնվելը և այդ քառյակը ինձ վրա այնքան ազդեցին, որ արցունքներս հոսում էին, մինչդեռ գերմանացիները ինչպես էին ծափահարում տղայիս, ինձնից շնորհակալություն հայտնում: Եվ  ոչ մի գերմանացու մտքով չանցավ, թե իմ արցունքները որտեղից էին գալիս:
Այս տարիների ընթացքում ես մի դեր եմ ստանձնել ինձ` ,,պաշտպանի դեր”: Պաշտպանում եմ իմ ընտանիքը, թե ումից և ինչից. միայն իմ սիրտը գիտի: Եվ դեռ ինքս ինձ շնորհել եմ ,,հերոսի կոչում”... Գուցե բոլոր մայրերն են հերոս:
Այնուհետև դպրոցում տղաներս սկսեցին մեծ հարգանք վայելել. գովասանագրեր, թերթում խոսվեց իրենց մասին: Եվ վերջապես... համալսարան:

Տարիներ են անցել, սակայն ես հուսով սպասում եմ իմ ,,ավտոբուսին”, որ մեզ կիջեցնի ճիշտ կանգառում, և մենք վերջապես կապրենք խաղաղ հոգով:

Թող ոչ մի հայ թափառական չդառնա,
Թող ոչ մի մայր պանդուխտ զավակ չունենա,
Հայաստանում արևը միշտ թող փայլի
Մեր մայրերին իր ջերմությամբ պահպանի:
Չէ՞ որ մայրն է մեր հայրենի տան սյունը,
Չէ՞ որ մայրն է աչքը ճամփին նայողը
Եվ մեզ հեռվից իր մեծ ուժով կանչողը:

 

 



Նորություններ
Հուլիս 25, 2012
Հուլիս 25, 2012
Հուլիս 20, 2012
Հուլիս 11, 2012