Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից


  • Եվրոպական միության պատվիրակության վեբ կայք

  • Կայքում տեղ գտած նյութերը, արտահայտված կարծիքներն ու մտքերը հեղինակներինն են և չեն կարող համարվել իբրև Եվրոպական միության տեսակետ:
Օգտակար հղումներ

Բնակչության միգրացիային առնչվող տերմիններ

Միգրացիա - Անհատների կամ սոցիալական խմբերի կողմից մշտական բնակավայրի փոփոխության գործընթաց, որն արտահայտվում է նույն երկրի այլ տարածաշրջան, այլ աշխարհագրական շրջան կամ այլ երկիր տեղափոխման ձևով:
Միգրացիա են համարվում նաև գյուղից քաղաք և քաղաքից գյուղ տեղաշարժերը:

Միգրացիայի մեխանիզմներ - Մարդկանց մի վայրից մյուսը տեղաշարժվելուն
նպաստող պայմանները: Այս պայմանները բաժանվում են երեք խմբի.

ա) դուրս մղող պայմաններ - Սրանք կապված են անհատի (խմբի)՝ իր բնակավայրում գոյության ծանր կամ անբավարար պայմանների հետ (աշխատանքի բացակայություն, ցածր կենսամակարդակ, մասնագիտական առաջխաղացման դժվարություններ, ազգամիջյան, կրոնական հակամարտություններ, դիկտատուրա, պատերազմներ, տնտեսական ճգնաժամ, տարերային, տեխնածին աղետներ և այլն),
բ) ձգող պայմաններ - Այլ վայրում ապրելու գրավիչ պայմանների ամբողջությունը (բարձր աշխատավարձ, բարձր կենսամակարդակ, սոցիալական կարգավիճակի բարձրացման մեծ հնարավորություններ, սոցիալ-տնտեսական և քաղաքական կայունություն, ազգամիջյան և միջկրոնական հանդուրժողականություն, բարենպաստ բնակլիմայական պայմաններ և այլն),
գ) միգրացիոն ուղիներ - Միգրանտի՝ մի տեղից մյուսը անմիջականորեն տեղաշարժվելու բնութագիրը: Միգրացիոն ուղիները ներառնում են.
- միգրանտի, նրա ընտանիքի ու նրանց իրերի՝ այլ շրջան հասնելու մատչելիությունը,
- այդ ճանապարհին արգելքների առկայությունը կամ բացակայությունը,
- ֆինանսական և այլ արգելքները հաղթահարելու մասին միգրանտի տեղեկացվածությունը,
-լեզվական արգելքները և այլն:
Հաճախ միգրացիոն ուղիների բնութագրիչները չեզոքացնում են դուրս մղող և ձգող պայմանները:

Միջազգային (արտաքին) միգրացիա - Մարդկանց տեղաշարժ մի երկրից մյուսը

Ներքին միգրացիա - Մարդկանց տեղաշարժ նույն երկրի մի շրջանից մյուսը (մի բնակավայրից մյուսը)

Իմիգրացիա - Որևէ երկիր մշտական կամ ժամանակավոր բնակության նպատակով այլ երկրի քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը

Էմիգրացիա - Իրենց քաղաքացիության երկրից մարդկանց ելքը՝ այլ երկրում մշտական կամ ժամանակավոր բնակության նպատակով:

Միգրանտ - Մշտական կամ ժամանակավոր բնակության նպատակով մի վայրից (երկրից) այլ վայր (երկիր) տեղափոխված անձ: Հաճախ այս հասկացության տակ նկատի է առնվում նաև ժամանակավոր աշխատանքային գործունեության նպատակով մի վայրից (երկրից) մեկ այլ վայր (երկիր) տեղափոխված մարդկանց խումբը:

Անօրինական միգրանտ - Որևէ երկիր այլ երկրից մշտական կամ ժամանակավոր բնակության կամ աշխատելու նպատակով տեղափոխված անձ, ում տեղափոխվելը տվյալ երկիր  կամ տեղափոխվելուց հետո այդ երկրում գտնվելը առաջացրել է այդ երկրի օրենսդրության խախտումներ:

Փախստական - Անձ, որը գտնվում է իր քաղաքացիության կամ մշտական բնակության երկրի սահմաններից դուրս և հնարավորություն կամ ցանկություն չունի վերադառնալու այդ երկիր՝ հետապնդումների, ռասսայական, ազգային, կրոնական, որոշակի սոցիալական խմբի պատկանելիության կամ քաղաքական համոզմունքների համար հետապնդումների զոհ դառնալու հիմնավոր երկյուղի պատճառով:

Ապաստան հայցող անձ - Իր քաղաքացիության կամ մշտական բնակության երկրից դուրս՝ այլ երկրում, ապաստան ստանալու խնդրագիր ներկայացրած անձ, ում այդ երկրում բնակության որևէ կարգավիճակ տալու մասին դեռևս որոշում չի կայացվել:

Քաղաքացիություն չունեցող անձ - Որևէ պետության քաղաքացիություն չունեցող կամ որևէ պետության հովանավորությունը և պաշտպանությունը չվայելող անձ:

Տարանցիկ ուղևոր - Անձ, որը ժամանել է այլ երկիր՝ երրորդ երկիր մեկնելու նպատակով, և տվյալ պետությունում գտնվելու ամբողջ ընթացքում (ժամանելուց հետո առավելագույնը 24 ժամ) մնացել է տրանսպորտային միջոցում կամ նավահանգստի (օդանավակայանի, կայարանի) հատուկ գոտում կամ ոստիկանական հսկողության ներքո:

Միգրանտի վերադարձում - Օտարերկրացու տեղափոխումը իր քաղաքացիության կամ մշտական բնակության երկիր այն պետությունից, որն այդ անձի՝ իր տարածքում գտնվելը համարում է անօրինական: Սա ներառում է ինչպես պետության կողմից իրականացվող արտաքսումը, այնպես էլ՝ անհատական հիմունքներով կամ կազմակերպության հովանու ներքո իրականացվող կամավոր վերադարձը:

Միգրանտի չվերադարձելության սկզբունք - Միջազգային իրավունքի սկզբունք, որի համաձայն ոչ մի պետություն իրավունք չունի որևէ անձի վերադարձնել այն երկիր, որտեղ նրա կյանքին կամ ազատությանը վտանգ է սպառնում՝ վերջինիս ռասսայական, ազգային, կրոնական, որոշակի սոցիալական խմբի պատկանելու կամ քաղաքացիական համոզմունքների պատճառով:

Արտաքսում - Որևէ պետության կողմից օտարերկրացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին իր ինքնավար տարածքից վտարելու գործողությունը, ինչպես նաև այդ պետության տարածք տվյալ անձի մուտքի մերժումը կամ այդ տարածքում գտնվելու թույլտվության անվավեր ճանաչումը:

Ինտեգրացիա - Միգրանտի և ընդունող երկրի ժողովրդի (հասարակության) սոցիալ-հոգեբանական և մշակութային հարմարման, համակերպման գործընթացը:

Նատուրալիզացիա - Տվյալ երկրի քաղաքացիների համար օրենսդրորեն սահմանված իրավունքների ու պարտականությունների համակարգում միգրանտների ամբողջական ներառում, որի վերջնափուլը միգրանտի հպատակագրումն է ընդունող երկրի կողմից:

Ռեէմիգրացիա - Նախկինում արտագաղթած անձանց վերադարձը իրենց քաղաքացիության կամ մշտական բնակության երկիր՝ այնտեղ կրկին բնակություն հաստատելու մտադրությամբ:

Ռեադմիսիա - Մուտքի երկրի կողմից իրականացվող իրավաքաղաքական և տնտեսական միջոցառումների համակարգ, որն ուղղված է իրենց տարածքում գտնվող օտարերկրացիներին իրենց քաղաքացության կամ մշտական բնակության երկրներ վերադարձի ապահովմանը:

Ռեինտեգրացիա - Ռեէմիգրանտների՝ իրենց քաղաքացիության կամ մշտական բնակության երկրում սոցիալ-հոգեբանական, տնտեսական և մշուկութային վերահարմարման գործընթացը:

Մարդկանց անօրինական փոխադրումներ (trafficking) - Անձանց հավաքագրումը, տեղափոխումը, ապաստանումը կամ ընդունումը՝ սպառնալիքի կամ ուժի կամ հարկադրանքի գործադրմամբ, առևանգման, կեղծիքի ու խաբեության այլ ձևերով, իշխանության չարաշահման կամ դիմացինի անպաշտպան, անելանելի վիճակից օգտվելու ճանապարհով կամ շահագործման դիտավորությամբ գումար տալով կամ վերցնելով: Տվյալ դեպքում որպես շահագործում նկատի է առնվում առնվազն այլ անձանց մարմնավաճառությունը կամ սեռական շահագործման այլ ձևերը, հարկադիր աշխատանքը կամ ծառայությունները, ստրկությունը կամ նմանատիպ պրակտիկան, պարտույթը կամ օրգանների հեռացումը:

Օտարերկրացիների անօրինական սահմանահատումներ (smuggling) - Որոշակի ֆինանսական փոխհատուցման դիմաց անօրինական սահմանահատումներին ցուցաբերած օգնություն:

Աշխատանքային միգրացիա - Անձանց տեղաշարժը իրենց քաղաքացիության կամ հիմնական բնակության երկրից այլ երկիր՝ աշխատանք գտնելու նպատակով:

Մուտքի թույլտվություն - Երկիր մուտք գործելու համար տվյալ երկրի օրենսդրությամբ սահմանված ճամփորդական փաստաթղթերի ներկայացման հիման վրա սահմանային անցման կետում սահմանային հսկողություն իրականացնող պաշտոնյայի կողմից տրված թույլտվություն:

Ճամփորդական փաստաթղթեր - Բոլոր այն փաստաթղթերը, որոնք ճանաչվում են որպես անձը հաստատող փաստաթղթեր այլ երկիր մուտք գործելու համար (անձնագրեր, մուտքի արտոնագրեր և այլն):

Ժամանակավոր պաշպանություն - Տարերային կամ սոցիալական աղետների հետևանքով առաջացած ահռելի հոսքերի դեպքում ապաստան տվող երկրի կողմից սահմանափակ, ոչ պարտադիր, որոշակի ժամկետով տրամադրվող պաշտպանություն:

 


 


Նորություններ
Հուլիս 25, 2012
Հուլիս 25, 2012
Հուլիս 20, 2012
Հուլիս 11, 2012